Արվեստ

                                          Ռաֆայել Իսրայելյան
Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (ներկայումս Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում (ներկայումս ԼՂՀ)։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։ Ռաֆայել Իսրայելյանը 1925 թ. ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։1926-1928 թթ. սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ։ 1929-1932 թթ. սովորել է Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։ 1932-1934 թթ. սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթւյան ինստիտուտում և 1934 թ. ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թ. ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։
1934 թ. ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։
1936 թ. տեղափոխվել է Երևան։
1936-1941 թթ. աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թ-ից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։
1941-1943 թթ. աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։1941-1963 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝դոցենտ։
1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։
Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։
1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։
1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։
1949-1951 թթ. աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։
1950 թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1950 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1951 թ. Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։
1951-1973 թթ. աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։
1952 թ. Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
1961 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1968 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։
1969 թ. կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։
1973 թ. սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

Комментариев нет:

Отправить комментарий